Home /  / Contact / Sitemap / Glossary

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման վերաբերյալ»

Հուշագիրը ստորագրվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից:

 

Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից  պատվիրվել է դեպի օդանավակայան երկաթուղային գծի կառուցման նախագիծը:

 

Հուշագրի ստորագրման համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի,  հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:

 

Մշակվել է <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի ուղևորների, ինչպես նաև բեռների համալիրը արագընթաց գնացքով Երևան քաղաքին միացնող նոր երկաթուղու ծրագիծը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7.5 կմ.: Ծրագծի կառուցման մոտավոր արժեքն առանց օտարման ենթակա հողերի կազմում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար:

 

 

2012թ. ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և “Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա” իսպանական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր

2012թ. ապրիլի 27-ին ՀՀ կառավարությունում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և “Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա" իսպանական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որով ընկերությունը ճանաչվել է “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված Տրանշ 1 / Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ/ և Տրանշ 2 /Աշտարակ-Թալին/ ճանապարհի վերակառուցման և բարելավման բաց միջազգային մրցույթի հաղթող:

Նախագծով նախատեսվում է ապահովել 100 կմ/ժ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով  բետոնածածկ արագընթաց մայրուղի:

Աշխատանքների տևողությունը Տրանշ 1 /Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ/ ճանապարհահատվածի վերակառուցման և բարելավման համար նախատեսված է 18 ամիս, Տրանշ 2 /Աշտարակ-Թալին/ ճանապարհահատվածի համար` 36 ամիս:

 

 

Ապրիլի 21-ին ՀՀ երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում շահագործման հանձնվեց Զամառլուի կամուրջը

Կամրջի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և <<Ռուսական երկաթուղիներ>> ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը:

Զամառլուի կիրճի վրայով անցնող կամուրջը կառուցվել է 1898թ. և հանդիսանում է Ցարական Ռուսաստանում կառուցված ամենամեծ կամուրջը: Երկարությունը գերազանցում է 253,15 մ., իսկ բարձրությունը` 44 մ.: Զամառլուի կամրջին կիպ կառուցվել է նոր կամուրջը, որը և շահագործվելու է երկաթուղու կողմից: Հատկանշական է նաև, որ բոլոր շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց հին կամրջի արտաքին տեսքը փոփոխելու, ինչն ապահովել է ամուր և վստահելի նոր կամրջի պատմական նշանակության պահպանությունը: Վերականգնումից հետո Զամառլուի նոր ուղիների երկարությունը կազմում է 169,5 մ., իսկ բարձրությունը` 44 մ.:

Զամառլուի կամուրջը ներդրումային ծրագրի շրջանակներում 2010թ.-ից ի վեր վերանորոգվել է <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ-ի կողմից: Կամրջի նախագծումն իրականացվել է <<Տրանսպրոեկտ>> ընկերության կողմից, իսկ շինարարական աշխատանքներն իրականացրել է <<Կամուրջշին>> փակ բաժնետիրական ընկերությունը: Աշխատանքներն իրականացնելու համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 250.000 ԱՄՆ դոլար:

 

 

Հայտարարվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1 և Ծրագիր 2 կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ

 

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում 2011 թ. օգոստոսի 2-ին հայտարարվել է կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ` Մ1 Աշտարակ-Թալին ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչև կմ 71+500 (Հատված 1), Մ2 Երևան-Արարատ ավտոճանապարհի կմ 9+312 –ից մինչև կմ 47+400 (Հատված 2) և Մ1 Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կմ 18+370-ից մինչև կմ 29+773 (Հատված 3)  վերակառուցման և բարելավման շինարարական աշխատանքները իրականացնելու համար:

 

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2017թ.-ին: Մրցույթի առավելագույն արդյունավետության ապահովման նպատակով «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ 2011թ. օգոստոսի 10-15-ը շնորհանդեսներ են իրականացվելու Երևանում, Սեուլում, Պեկինում և Ֆրանկֆուրտում:

 

           Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (http://www.mtc.am) և Ասիական զարգացման բանկի (http://www.adb.org) պաշտոնական կայքէջերում:

 

 

 

 

 

 

 

 

2011թ. հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես միացավ Տախոցանցին:

The first Digital Tachograph Cards for Armenia.

2011թ. հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ստացավ թվային տախոգրաֆի համակարգի ազգային բանալիները, որով Հայաստանը պաշտոնապես միացավ Տախոցանցին:

2011թ. հունիսի 10-ին բանալիները փոխանցվել են լեհական արժեթղթերի արտադրության ֆաբրիկային (''PWPW'' - Polish Security Printing Works): Ընկերությունը հաղթող է ճանաչվել թվային տախոգրաֆի քարտերի անհատականացման համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվերով հայտարարված միջազգային մրցույթում: 2 շաբաթ տևողությամբ փորձարկման փուլն անցնելուց հետո Հայաստանը կարող է թողարկել քարտերը:

Նշենք նաև, որ 2006 թվականից Հայաստանի Հանրապետությունը միացել է <<Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին>> համաձայնագրին (AETR – European Agreement Concerning the Work of Crews of Vehicles Engaged in International Road Transport), որով նախատեսված է հսկիչ սարքերի կիրառումը բեռնատար տրանսպորտային միջոցներում:

Useful link