Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն
Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը:
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1:2-ի: Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը:
Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը: Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն: Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն: Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները:
Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./
Մայրաքաղաքը՝
Երևան
Խոշոր քաղաքները՝
Գյումրի, Վանաձոր
Պետական լեզուն՝
Հայերեն
Կրոնը՝
Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է
Դրամական միավորը՝
դրամ, շրջանառության մեջ է մտել 1993 թ.-ից
Բնակչությունը՝
2,994,200 (2016թ. դրությամբ)
Էթնիկ կազմը՝
Հայեր. 96%
Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն
Օգտակար հանածոները՝
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Տարածքը՝
29.74 հազար քառ. կմ.
Ծովի մակարդակից միջին բարձրությունը՝
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը՝
Արագած լեռը (4,090 մետր)
Հարևան երկրները՝
հյուսիսում՝ Վրաստան,
արևելքում՝ Ադրբեջան,
հարավում՝ Իրան,
հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/,
արևմուտքում՝ Թուրքիա